«Ուժեղ Հայաստան» դաշինքի ձերբակալված 10 աջակիցներից 6-ի նկատմամբ կալանք է կիրառվել, իսկ մեկ անձի համար որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Մնացած 3 ձերբակալվածների վերաբերյալ դատական նիստերը դեռևս չեն անցկացվել, հայտնում է Factor.am-ը:
Ըստ նախաքննական մարմնի «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդկերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Մեծավանն ու Նորաշենը Տաշիր խոշորացված համայնքի բնակավայրերն են, որտեղ քարոզարշավ է իրականացրել ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Տեսանյութերից մեկում երևացել է, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով և երգով դիմավորել ՔՊ ավտոերթը։ Պապիկյանը տեղում ոստիկաններին կոչ է արել կարգի հրավիրել ընդդիմության համակիրներին և խոստացել է «քաղաքական դաս տալ նրանց ցուցում տվողներին»:





