Մայիսի 17-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում անցկացված քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը երազելու են ՀՀ-ից հեռանալու մասին, բայց չեն կարողանալու:
«ԱԺ ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երազելու են Հայաստանից փախչելու մասին: Իրանց երազանքը մնալու է անկատար, իրանք չեն կարողանալու Հայաստանից փախնեն, որովհետեւ ՀՀ-ն բերելու է իրենց պատասխանատվության, այնպես ինչպես մինչև հիմա բերել է»,- ասել է նա,հայտնում է Factor.am-ը:
Փաշինյանը անդրադարձել է նաև մայիսի 16-ին Տաշիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես»,- միջադեպի մասին խոսելիս ասել է Փաշինյանը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ, տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ, նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։ Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է։
Տեսանյութերից մեկում երևացել է, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով և երգով դիմավորել ՔՊ ավտոերթը։ Պապիկյանը տեղում ոստիկաններին կոչ է արել կարգի հրավիրել ընդդիմության համակիրներին և խոստացել է «քաղաքական դաս տալ նրանց ցուցում տվողներին»:





