«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում պատասխանել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառմանը, որով վերջինը հարց էր բարձրացրել՝ որտեղից Արման Թաթոյանին միջոցներ գրասենյակների վարձակալության և պաստառների համար։
Նա նշել է, որ ամեն մարդ աշխարհը չափում է իր պատկերացումներով:
«Ի պատասխան ոմանց… Երբ մարդը երկար տարիներ ապրել է բացառապես կենցաղային բնազդների, մանր շահերի ու պատեհապաշտ հաշվարկների տրամաբանությամբ, նրա համար իսկապես դժվար է պատկերացնել, որ գոյություն ունեն նաև այլ հարաբերություններ՝ վստահության, ընկերության, արժեհամակարգի և նվիրումի վրա հիմնված։
Այդ պատճառով էլ նման շրջանակների ներկայացուցիչներին անհասկանալի է, թե ինչպես կարող են ընկերները, հարազատներն ու համախոհները սեփական կամքով, սեփական միջոցներով և հավատով կանգնել այն մարդկանց կողքին, որոնք պայքարի մեջ են մտել ոչ թե աթոռի, այլ պետության ապագայի համար։
Ամեն մարդ աշխարհը չափում է իր պատկերացումներով ու իր կենսակերպի սահմաններում։ Եվ եթե որևէ մեկի քաղաքական ճանապարհը կառուցվել է միայն «կերակրատաշտի» շուրջ պտտվող պատկերացումների վրա, ապա բնական է, որ նա չի կարող հասկանա գաղափարի շուրջ համախմբված մարդկանց ուժը»,- գրել է Դավիթ Անանյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





