ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, հափշտակել է ընդհանուր 5,336,916 ՀՀ դրամ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հաղորդագրության համաձայն՝ հիմնարկի տնօրենը, տեղեկացված լինելով, որ նշված մասնագետը աշխատանքի չի հաճախել և չի կատարել իր պարտականությունները, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ նրա աշխատանքի ներկայանալու վերաբերյալ՝ այդ կերպ օժանդակելով առանձնապես խոշոր չափերով՝ 5,336,916 ՀՀ դրամի հափշտակությանը։
Բացի այդ, համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով մասնագետի կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, որևէ քայլ չի ձեռնարկել նրա կարգավիճակը դադարեցնելու և աշխատավարձի վճարումը դադարեցնելու ուղղությամբ։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորին, «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետին և տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում մեղադրյալները ամբողջությամբ վերականգնել են պատճառված վնասը։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։





