AM
18 Մայիս 2026 - 10:15 AMT

Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի մասով քրվարույթ կա

Քննչական կոմիտեում, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա, նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։

Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ,-ասվում է գրառման մեջ:

Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ մի քանի դիմակավորված անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեսանյութում նրանցից մեկը ասում է․ «Նիկոլ, քեզ ջրելու ենք», իսկ կադրերում մյուսների ձեռքին, ենթադրաբար, երևում են ինքնաձիգներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է հրապարակված տեսանյութին և կոշտ բառապաշարով հակադարձել։

«Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։

Փաշինյանը նաև հորդորել է տեսանյութում երևացող անձանց ինքնակամ ներկայանալ իրավապահ մարմիններին։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։