AM
18 Մայիս 2026 - 10:19 AMT

Վարչապետ․ Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18-ին Արաբկիրում է քարոզարշավ անցկացնում, որտեղ քաղաքացիներից մեկի հետ բուռն վեճ է սկսվել, մթնոլորտը լարվել է:

Մի կին մոտեցել է վարչապետ Փաշինյանին և ասել. «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել….», հայտնում է «Ազատությունը»:

Փաշինյանն ասել է. «Մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել…»: Կինն ընդհատել է ու կրկին ասել. «Դուք փորձեցիք մեզ կզացնել…»:

Այս ընթացքում մթնոլորտը լարվել է, վարչապետն ասել է. «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»:

Կինը մեղադրել է Փաշինյանին «երկիրը քանդելու մեջ»:

Վարչապետն էլ արձագանքել է. «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից: Հանեք ձեր մասկաները՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու…չոքացնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը»,- բարկացած ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին ուղղված «Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանը ցույց է տվել այն տեսանյութը, որի մասին խոսում էր և ասել, որ դրա թիկունքում իր մրցակիցներն են կանգնած:

«Մասկեքովին սպառում եմ կոնկրետ ուժային գործողություններով, սաստիկ ուժային գործողություններով սպառնում եմ, սրանց սատկացնելու եմ: Նաև մրցակիցներին սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ 5000 զոհ ասելու համար, կոնկրետ սպառնում եմ՝ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»,- ասել է վարչապետը:

Հարցին, թե փաստեր ունի՞, որ այդ տեսանյութի հետևում իրենք են, վարչապետն ասել է. «Այո, փաստն այն է, որ իրենց խոսույթի հետ համապատասխանում է: Էս մասկեքով խոսացողներին էլ ասում եմ՝ հանեք ձեր մասկեքը, և երբ հանեն մասկեքը, կտեսնեք, որ սրանք պատերազմի առաջին ժամերին մարտի դաշտերից փախածներն են, էն որ մետրոյում ասում էի՝ փախածներ, այ սրանք են փախածներ: Ես գտնելու եմ սրանց հատ-հատ, մասկեքը հանելու եմ և ասեցի, թե ինչ եմ անելու»:

Արաբկիրում Փաշինյանը նաև ասել է, թե ընդդիմադիր ուժերը պատերազմ են ցանկանում որովհետև իրենց տղաներին չեն ուղարկելու պատերազմ, ինչպես ինքն է արել, հայտնում է Panorama.am-ը:

«Կալուգացի օլիգարխի, մյուսների լակոտները ուր են եղել պատերազմի ժամանակ, ձեզ դրել եք ալֆա սամեցի տեղը, կկտրեմ արա»,-հայտարարել է Փաշինայնը։

Նա ասել է նաև, որ ընդդիմադիրները պետք է տնից դուրս չգան, նրանց հետևից գալու են։

«Թե չէ, էս ընտրությունները ուրիշ բանի կվերածվի»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։