Հայաստանում և սփյուռքում յուրաքանչյուր հայ պետք է լրջորեն վերաբերվի Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին, հայտարարել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Ըստ նրա՝ խոսքն Ադրբեջանի կողմից մշակված հստակ ծրագրի մասին, որի իրականացումը, ըստ Օսկանյանի, «ներկայիս իշխանությունների պայմաններում օրեցօր ավելի իրատեսական է դառնում»:
Անդրադառնալով Սյունիքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, նա կարծիք է հայտնել, որ այդ «ձևակերպմամբ վարչապետը փաստացի Սյունիքը ներկայացրել է որպես վիճարկվող թեմա»։
«Վերջերս հենց Սյունիքում Փաշինյանի արած հայտարարությունը, որ իբր պաշտպանում է Սյունիքը և հանգստացնում է ժողովրդին, թե այդպիսի հարց չկա, Սյունիքը Հայաստանի անբաժան մաս է։ Այդ հայտարարությամբ ինքը խոստովանություն է անում, որ այդ հարցն էլ է տապալել: Այդ հայտարարությամբ ինքը Սյունիքը արդեն վիճելի տարածք է դարձրել։ Ադրբեջանցիք էլ լսում են, չէ՞։
Բնական կնայեի՞ք, եթե Վայոց Ձորում, Շիրակում ասեր՝ Շիրակը, Վայոց Ձորը Հայաստանի անբաժան մասն է։ Ինչո՞ւ պետք է նման հարց ծագի որևէ մեկի մտքում, ուր մնաց երկրի ղեկավարի մտքում։ Դա նշանակում է՝ ինքը բանակցություններում լավ գիտի, որ իր առաջ այդ խնդիրն էլ է նաև դրվել»,- ասել է Օսկանյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





