Ձերբակալվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արաբկիր համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ վիճաբանած արցախցի, Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Այս պահին գտնվում է ոստիկանության Արաբկիր բաժնում»,-հայտնել է նա։
Փաստաբանը նշել է, որ Օսիպյանի հեռախոսն անջատված է, ֆեյսբուքյան էջը՝ արգելափակված:
Ավելի վաղ վիճաբանության ժամանակ Փաշինյանն ասել էր․ «Արթուր Օսիպյան ա, ինչ ա, թող բացատրի, թե ինչի ա ինքը կենդանի, իսկ մեր տղերքը՝ զոհված»:
Օսիպյանը մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Արաբկիր վարչական շրջանում, հարցեր է ուղղել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, սակայն Փաշինյանը կրկնել է իր նախկինում հնչեցրած տեսակետը, ըստ որի՝ «Ղարաբաղի հարցը թակարդ է եղել»։ Արթուր Օսիպյանը Փաշինյանին մեղադրել է Արցախում կոռուպցիոն երևույթներին աջակցելու մեջ։
«Արայիկի (նկատի ունի Արցախի նախկին նախագահին-հեղ.) միջոցով փողեր եք բաժանել»,- ասել է նա։
Դրանից հետո Փաշինյանը կոշտ արձագանքել է և ասել․ «Ռադդ քաշի, համբալի մեկը»։





