Հայաստանից առաջին անգամ միլիոնավոր դոլարների արժեք ունեցող հայկական արտադրության զենք է արտահանվել։ Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ մի քանի տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր։
Նա հայտնել է, որ մայիսին հայկական երեք ընկերություն 2 տարբեր երկիր զենք են արտահանել:
«Վերջին ամիսներին տարբեր առիթներով, իմ տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ասել եմ, որ մի քանի հայրենական արտադրողներ, հայկական ընկերություններ ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։ Եվ այժմ ուզում եմ հայտնել, որ հայկական երեք ընկերություններ երկու տարբեր երկրներ զենք են արտահանել մայիս ամսվա ընթացքում։
Բավականաչափ բարդ խնդիրների, լոգիստիկ դժվարությունների միջով անցնելով՝ հայկական ընկերություննները կարողացել են հասնել նպատակային կետի։ Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ»,-ասել է նա:
Նախարարը հավելել է, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրում է կատարել և ապագայում ևս շարունակելու է կատարել ռազմարդյունաբերության ոլորտում։





