Արաբկիրում ՔՊ քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո արցախցի Արթուր Օսիպյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, նա համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հայտնում է Factor.am-ը:
Նրա ձերբակակության մասին հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը։
Օսիպյանն Արցախի հեղափոխական կուսակցության նախագահն է։
Մայիսի 18-ին նա մոտեցել է Փաշինյանին և հարց ուղղել Հայաստանի անվտանգության ու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ ընդգծելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ է արձագանքել՝ հայտարարելով, որ նման հարց Հայաստանի օրակարգում չկա և Օսիպյանին մեղադրել «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Այնուհետև իրավիճակը սրվել է, իսկ Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել է հեռանալ։
«Ռադդ քաշի՛, համբալի մեկը։ Էս Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից ընդհանրապես։ Որևէ մեկը չհամարձակվի… ա՛յ փախածներ, արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքե՞ր են արա սրանք։ Եկել են, մատ են թափ տալիս էս Ղարաբաղի պսևդոէլիտաները։ Ռադներդ քաշեք, արա ընդհանրապես։ Ով եք դուք, արա՛։ Ղարաբաղի հարցը որ կար, գնայիք զոհվեիք, դուք խի՞ եք կենդանի ընդհանրապես»,- բորբոքված ասել է Փաշինյանը։
Ավելի ուշ, երբ Օսիպյանին արդեն հեռացրել էին տարածքից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցույց է տվել վերջինիս հասցեին արված մի գրառում։
«Ֆեյսբուքում հլը ի՞նչ ա գրել, թե Նիկոլը… հլը դրան նայի: Բա որ հիմա թողեինք՝ բմբուլները քամուն տային, մեծ կտոր ականջը մնար, ասելու էին՝ սխալ եք անում: Լակո՛տ, ոտի տակ չընկնես։ Արա՛, ա՛յ տականք, բացատրի՝ դու ինչի՞ չես զոհվել: Դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել, այ… այ տականք: Եկել ես Երևան «դվիժենիներ» անելու: Ուրեմն դու էլ, քո ղեկավարությունն էլ, իրանց Ղարաբաղի Ազգային Ժողովի պատգամավոր հորջորջվող նախարար չգիտեմ, ասում եմ՝ վեր ընկե՛ք տեղներդ: Չփորձեք Հայաստանը հետ տանեք կոնֆլիկտի մեջ»,- ասել է Փաշինյանը։





