«Անկախ դիտորդ – Independent Observer» դաշինքը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի գործողություններում խուլիգանության կամ այլ հանցակազմ չկա, իսկ նրա նկատմամբ կիրառված ազատությունից զրկման միջոցը կարող է պայմանավորված լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քաղաքական քննադատությամբ։
Դաշինքը պահանջել է անհապաղ վերացնել Օսիպյանի ազատության սահմանափակումը և հրապարակային պարզաբանում ներկայացնել իրավապահների գործողությունների վերաբերյալ։
«Խիստ մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։ Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։
Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվել են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչու նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Անկախ դիտորդ – Independent Observer դաշինքում պահանջում ենք անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը, իսկ իրավասու մարմինները պետք է հրապարակային ներողություն ներկայացնեն, եթե պարզվի, որ նրա նկատմամբ միջամտությունը եղել է անհամաչափ, ընտրողական կամ քաղաքական քննադատությամբ պայմանավորված»,-ասվում է հայտարարության մեջ:
ԻՔՄ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արթուր Օսիպյանի ֆանատը չեմ, բայց նա Արցախում պայքարում էր կոռուպցիայի դեմ։ Արթուր Օսիպյանի գործողություններում խուլիգանության կամ այլ հանցակազմ չկա»:
«Արթուր Օսիպյանը քաղաքական քննադատություն է հնչեցրել թեկնածու Նիկոլ Փաշինյանի հասցեին, որին ի պատասխան ստացել է անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ընդհուպ մինչև «Գնայիր, զոհվեիր…» ձևակերպմամբ։
Խիստ մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։
Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։
Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվե՞լ են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչո՞ւ նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել»,-գրել է նա:
Օսիպյանը Արցախի հեղափոխական կուսակցության նախագահն է։ Նա մոտեցել է Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարց ուղղել Հայաստանի անվտանգության ու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ է արձագանքել՝ հայտարարելով, որ նման հարց Հայաստանի օրակարգում չկա և Օսիպյանին մեղադրել «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Այնուհետև իրավիճակը սրվել է, իսկ Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել է հեռանալ։
Արաբկիրում ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո արցախցի Արթուր Օսիպյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։Օսիպյանը համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։





