ՀՀ Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրված միջադեպերով հարուցված քրեական վարույթի ընթացքում խափանման միջոց է ընտրվել բոլոր 10 ձերբակալված անձանց նկատմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջումհայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է,որ կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»:
Մայիսի 16-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը, ինչից հետո քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 անձ էր ձերբակալվել։ Մայիսի 18-ին հայտնի էր դարձել, որ նրանցից 6-ը կալանավորվել է, 1-ը տնային կալանքի տակ է, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չէր եղել։





