AM
19 Մայիս 2026 - 09:26 AMT

Միրզոյան․ Չենք պատրաստվում «ապահարզան» տալ, ՌԴ հետ գործընկերներ ենք

Հայաստանը չի պատրաստվում «ապահարզան» տալ որևէ գործընկերոջ հետ հարաբերություններում, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։

«Մեր քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ չի ճանաչում՝ պատմության ընթացքում։ Մենք չենք պատրաստվում նաև այդպիսի հակամարտ, ավելի տեղին կլինի ասել՝ լարվածություն մտցնել ՌԴ-ՀՀ հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որ կապված են բազմաթիվ կապերով, և տրամադրված ենք առողջ միջավայրում քննարկման՝ այդ հարաբերությունները փոխշահավետ զարգացնելուն։ Խնդիրներ կան, անշուշտ, և խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում՝ աշխարհում, և միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին պետք է կոնստրուկտիվ քննարկումներով լուծումներ գտնել»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Միրզոյանի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցով ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։

Ինչ վերաբերում է ԵՄ, թե ԵԱՏՄ որոշմանը, Միրզոյանը նշել է՝ երբ գա պահը նման որոշում կայացնելու, այդ որոշումը կկայացվի:

«Եվ դրսից չէ, որ մեզ պետք է այս մասին ասեն»,-ասել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերն «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։

«Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «ապահարզանի» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,- ասել է նա: