AM
19 Մայիս 2026 - 10:31 AMT

Փաշինյանի ելույթի ժամանակ փակել են Ազատի զինկացարանում այրված զինվորի պապի բերանն ու հեռացրել

Սպիտակում ՔՊ քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Ազատ գյուղի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, փորձել է դիմել Փաշինյանին, սակայն նրա բերանն անմիջապես փակել են և հեռացրել տարածքից։

Այդ ընթացքում Փաշինյանն ամբիոնից հայտարարել է, որ պետք չէ նման միջադեպերին ուշադրություն դարձնել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Եկեք ուշադրություն չդարձնենք, կալուգացի օլիգարխը 200 հազար է տալիս, ուղարկում է»,– ասել է Փաշինյանը։

Արամ Մանուկյանի պապիկին տարածքից հեռացրած անձինք այդպես էլ չներկայացան։

«Ես հո տեռորի՞ստ չեմ, ստենտավորված մարդ եմ, ինձ ո՞ւր եք տանում։ Իմ պահանջն էի ուզում ասել, որ իմ երեխուն տարան, վառեցին Ազատ գյուղում։ 25 օր էր մնացել Արամիս, որ ծառայությունն ավարտեր։ Չի լսում, չի ընդունում (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին — խմբ.), որ ներկայացնենք խնդիրները։ Երեք տարի է՝ դատը գնում է, բայց մի պատժված չկա. մի զինվոր են բռնել, որ հերթապահ է եղել։ Բա բարձրաստիճան զինվորականնե՞րը, որ ոչ մի բան չեն արել»,– ասել է Արտյոմ Գրիգորյանը։

Տարածքում էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը փորձում էր լրագրողներին սաստել հարցերում՝ հորդորելով, որ թողնեն՝ «մարդը շունչ քաշի»։

Ի պատասխան՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու տարեց մարդու շունչ քաշելու մասին չէր մտածում և չէր հորդորում նրան թողնել, երբ փակել էին նրա բերանը։ Անահիտ Ավանեսյանն այս հարցն անպատասխան է թողել։

2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, վնասվածքներ ստացել` 7-ը։ Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։

Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ․Մ․-ի և ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի նկատմամբ։