Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իր բոլոր անօրինական քայլերը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ինքը ինչ-որ երկրի լրտես է»:
«Այդ մարդը տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում: Ես եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Կարապետյանը հավելել է, որ ժողովրդին ցույց են տալիս, որ «երկիրը հասցրել են անդունդի եզրին»:
«Իրեն թվում է՝ դա միայն լրտեսությամբ կարելի է անել: Ցանկացած մարդ մեկ ժամ ծախսելով կարող է տեսնել Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ինքը թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է. առնվազն 2-ը ոչ բարեկամ երկրներ են»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





