Վաղ առավոտից բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ Երևանից ու տարբեր մարզերից։ Այդ մասին ասել է փաստաբան Յուրա Իվանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մարդկանց առավոտ շուտ վերցրել են, բերել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Առավոտից քննչական ու վարույթային գործողություններ են կատարում։ Փաստաբաններին ստույգ տեղեկություններ չեն տալիս ու գործողությունները կատարում են առանց փաստաբանի ու պաշտպանի»,– ասել է նա։
Փաստաբանը կասկածներ ունի, որ այդ ընթացքում բերման ենթարկվածների հետ աշխատանք են տանում, որպեսզի նրանք հրաժարվեն փաստաբանից։ Ըստ նրա՝ այդպես «գործ սարքելն» ավելի հեշտ կլինի։
Յուրա Իվանյանը տեղեկացրել է նաև, որ ընդհանուր բերման ենթարկվածների թիվը դեռ հայտնի չէ։
«13-ից ավել են, հարազատներից ենք իմանում այդ մարդկանց մասին, երբ դիմում են մեզ։ Նրանք Երևանից են ու տարբեր մարզերից հիմնականում արցախցիներ են ու տաշիրցիներ։ Մեղադրանքները նույնն են բարեգործության արգելքի խախտում»,– հավելել է փաստաբանը։
Մայիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Լոռիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներ են խուզարկվել, կան ձերբակալվածներ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
Դրանից բացի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ))։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն առկա են ձայնագրություններ կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։





