AM
20 Մայիս 2026 - 06:29 AMT

Մայր Աթոռը ԵԽԽՎ-ից հստակ գնահատականներ է ակնկալում եկեղեցու դեմ իշխանությունների արշավի վերաբերյալ

Մայիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ինախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը մտահոգություն է հայտնել խորհրդարանական ընտրություններից առաջ «իրականացվող քարոզչական մեթոդների և ոչ իրավաչափ ուժի կիրառման դեպքերի կապակցությամբ»։

ԳՀԽ-ն խիստ տարակուսելի է անվանել ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ ՀԱԵ «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը, որը նկատում են «ապատեղեկատվությամբ ուղղորդյալ և ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026 թ․ հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձևին»:

Նշվում է նաև, որ Մայր Աթոռը ԵԽԽՎ-ից հստակ գնահատականներ է ակնկալում՝ «եկեղեցու դեմ իշխանությունների արշավի վերաբերյալ»

«Գերագույն հոգևոր խորհուրդը խորապես մտահոգված է ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում քարոզչական անընդունելի միջոցների, այդ թվում՝ բռնաճնշումների, ոչ իրավաչափ ուժի կիրառման առնչությամբ։ Տեղ գտնող թշնամանքի ու ատելության խոսույթը, անվայելուչ և անպարկեշտ բառապաշարը միմիայն պառակտում և առավել բևեռացնում են մեր հասարակությանը՝ ժողովրդի մեջ առաջ բերելով ընդվզում, հիասթափություն և նոր լարվածություն, նաև լրջագույն սպառնալիքներ ստեղծելով հայոց պետականության համար։

Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես և Հայոց Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ Հայաստանում Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի, հակառակ երկրի օրենսդրական կարգավորումների և միջազգային իրավունքի՝ պետական լծակների բացահայտ գործադրմամբ շարունակաբար դրվող արգելքների և սահմանափակումների առնչությամբ, որոնք ուղղակի խոչընդոտներ են հարուցում Եկեղեցու հոգեխնամ առաքելության մեջ։ Հասցեական արձագանքի են կարոտ անօրինական այնպիսի գործողությունները, ինչպիսիք են՝ հարկադրանքի միջոցներով և սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու, մի շարք հոգևորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու, եկեղեցական կանոնակարգից շեղված հոգևորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորմամբ հոգևոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները։

Միջազգային պատկան կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների արդարամիտ արձագանքի են սպասում նաև աշխարհասփյուռ Հայոց Եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները և հատկապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու ազգընտիր Հայրապետի գահընկեցության ճանապարհով Եկեղեցու «բարենորոգման» մասին արձանագրված հավակնությունները․ մի քայլ, որ ևս հակականոնական է և հակաօրինական»,-ասվում է հայտարարության մեջ:

Գերագույն հոգևոր խորհուրդը նշել է նաև, որ եկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։

«Ընտրությունների արդյունքում ժողովրդի շնորհած վստահության քվեն բացառապես կարող է օգտագործվել պետական ինքնիշխանությունն ամրապնդելու, երկրի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, ազգային ինքնությունը զորացնելու և հանրային համերաշխությունը վերականգնելու համար։

Հայոց պետությունն իր ազգակերտ առաքելությամբ բոլոր ժամանակներում եղել է ամուր պատվարը մեր ինքնության, խարիսխը մեր հարատևության։ Հայոց անկախ պետականությունը պետք է խոհեմությամբ, նվիրումով ու նախանձախնդրությամբ փայփայել և արկածախնդրություններով երբևէ վտանգի չենթարկել»,-ասվում է հայտարարության մեջ:

Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներ հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» գործընթացի մեկնարկի մասին և հրապարակել այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»։ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների ստորագրած փաստաթղթով ձևավորվել է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել՝ արգելելով նրա դուրս գալը Հայաստանից։