Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալ լինելու մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, որ դա հաստատում է իր պատկերացումները: Նա այդ մասին ասել է Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը:
«Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը, ոչ ավելի, ոչ պակաս Անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Այսինքն՝ այն մարդն, ով եկել է և Հայաստանի քաղաքական պրոցեսներին մասնակցում է, փաստորեն, ФСБ-ի գաղտնի աշխատակից է։ Եվ այդ փաստը հիմա հայտնվել է մամուլում և շրջանառվում է մամուլում և բոլոր հիմնավորումները լրատվամիջոցները բերում են։ Սա հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ այն մարդը, որն օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպն այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել։ Այդ մարդիկ ջանք են գործադրում ամեն օր օրակարգ բերելու մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Իրենք սկսել են խոսել երեք հարյուր հազար, հիմա էլ հասել են մեկ միլիոնի, ադրբեջանցիների Հայաստան գալու մասին. սա այլ կերպ, քան գործակալի, լրտեսի գործելակերպ, ես չեմ կարող անվանել, որովհետև այդպիսի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել և ինչո՞ւ են այդ մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն, մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ հայ հասարակությունն ունի հնարավորություն կանխելու նման գործելակերպի տարածումը։
«Դրա համար մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրար հետ պետք է համատեղենք ջանքերը, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը։ Ես հարգանքով եմ վերաբերում մեր բոլոր միջազգային գործընկերներին, բայց, կներեք, գործակալներին ուղարկել այստեղ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու և գործակալական ցանցեր ստեղծելու, գործընկերային չէ։ Այն, որ կալուգացի օլիգարխն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունն էլ գործակալական ցանց է և յուրաքանչյուր քաղաքացի, ով այսօր արդեն տեղեկացավ այդ ինֆորմացիային, պետք է ընտրություն կատարի՝ ինքը գործակա՞լ է, թե՞ քաղաքացի: Այդ կուսակցության յուրաքանչյուր աջակից, համակիր, մասնակից, յուրաքանչյուր շտաբի աշխատակից պետք է հստակ ընտրություն կատարի, և ես հավատում եմ, որ նրանց մեծ մասն ընտրություն է կատարելու քաղաքացիության օգտին, իսկ նրանք, ովքեր ընտրություն կկատարեն գործակալության օգտին, ամենայն հարգանքով բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով իր անձի վերաբերյալ հրապարակումներին ու իր վերաբերյալ մեղադրանքներին քաղաքական պատասխան տալու լրագրողի պնդմանը, ասել է՝ «Շան տեղ մի դրեք»։
Ռուսական The Insider պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված, որն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հնարավոր ազդեցությանը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ The Insider-ը, վկայակոչելով արտահոսած տվյալների բազաներ, պնդել է, թե 1999 թվականին Սամվել Կարապետյանի՝ Կալուգայում ստացած արտասահմանյան անձնագրի փաստաթղթերում «աշխատանքի վայր» բաժնում նշված է եղել «ИЦ ФСБ» («Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն»)։ Պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրի, գրել է, որ նման նշումները, ըստ ՌԴ իրավապահ համակարգի նախկին աշխատակցի, կարող էին կիրառվել հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձանց դեպքում։ The Insider-ը նյութում անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանին՝ նրան ներկայացնելով որպես «Կրեմլի մեկ այլ ընկեր»։





