«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, հերքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակումը, հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիություն չունի և չի ունեցել: Այդ մասին նա խոսել է ֆեյսբուքյան տեսանյութում։
Ընտրարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ» ալիքում հրապարակել է փաստաթուղթ, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»:
«Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, այլ քաղաքացիություն չեմ ունեցել։ Կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք»,– ասել է Կարապետյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ Այդ մասին ասել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը, հայտնում է Factor.am-ը:
«ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,-նշել է խոսնակը։
Սիմոնյանի հրապարակած փաստաթղթում ներկայացված են իրավաբանական անձի տվյալներ, որտեղ Նարեկ Կարապետյան անվան դիմաց նշված է՝ ՌԴ քաղաքացի։





