AM
20 Մայիս 2026 - 07:09 AMT

Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած և ավելի ուշ ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Այս պահին Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ (բռնության հրապարակային կոչ), 297-րդ (խուլիգանություն) և 211-րդ (մի խումբ անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելը) հոդվածներով»,- գրել է Երիցյանը։

Փաստաբանի խոսքով՝ միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում, իսկ դատավորը դեռ հայտնի չէ։

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Դրանից առաջ նա սոցիալական ցանցում կատարել էր հետևյալ գրառումը․ «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։