AM
20 Մայիս 2026 - 07:18 AMT

Քրվարույթ է նախաձեռնվել Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությունը թաքցնելու առթիվ

Քրվարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու հանդիսացող Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությունը թաքցնելու առթիվ, հայտնում է Քննչական կոմիտեն:

«Քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ նախկինում ունեցած լինելու վերաբերյալ տեղեկությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է,որ նա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու վերաբերյալ կեղծ բովանդակությամբ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող հանգամանքը՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու փաստը։

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունների թաքցմանը։

Կատարվում է նախաքննություն:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, հերքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակումը, հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիություն չունի և չի ունեցել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ Այդ մասին ասել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ» ալիքում հրապարակել է ինչ-որ փաստաթուղթ, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»:Սիմոնյանի հրապարակած փաստաթղթում ներկայացված են իրավաբանական անձի տվյալներ, որտեղ Նարեկ Կարապետյան անվան դիմաց նշված է՝ ՌԴ քաղաքացի: