AM
20 Մայիս 2026 - 08:10 AMT

ԿԸՀ․ Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շարունակում է համարվել ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու։ Այդ մասին ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

Նա մանրամասնել է, որ ԿԸՀ-ն ստուգումներ իրականացնելու գործառույթ չունի և առաջնորդվում է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված և ԿԸՀ փոխանցված տեղեկանքով, ըստ որի՝ նա համարվում է միայն ՀՀ քաղաքացի։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։

«Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»,- հայտնել է ՔԿ-ն։

Ըստ նախաքննական մարմնի՝ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը)։

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկություններ շրջանառել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հրապարակել է սքրինշոթ և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում ներկայացված են իրավաբանական անձի տվյալներ, որտեղ Նարեկ Կարապետյան անվան դիմաց նշված է՝ ՌԴ քաղաքացի։

Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել է․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

Նարեկ Կարապետյանը այսօր առավոտյան կրկին պնդել է, որ միայն ՀՀ քաղաքացի է, իսկ իր քաղաքացիության շուրջ ստեղծված աղմուկը մեկնաբանել է որպես «իշխանության կողմից ընտրողների ուշադրությունը շեղելու փորձեր»։