AM
20 Մայիս 2026 - 09:04 AMT

Թրամփն ասել է, որ պատրաստ է կրկին ռմբակոծել Իրանը, եթե պայմանավորվել չհաջողվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության չհասնելու դեպքում Միացյալ Նահանգները կարող է կրկին ռազմական գործողություններ սկսել։ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հանդես է եկել մեկ օր անց այն բանից հետո, երբ հայտարարել է, որ դադարեցրել է նախատեսված հարվածների վերսկսումը՝ Թեհրանի նոր խաղաղության առաջարկի պատճառով։

Նա նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը փորձում է համաձայնության հասնել, սակայն եթե պայմանավորվածություն չկայանա, ապա առաջիկա օրերին հնարավոր են ԱՄՆ նոր հարվածներ, հայտնում է BBC-ին:

«Դե, նկատի ունեմ՝ խոսքը երկու կամ երեք օրվա մասին է, գուցե ուրբաթ, շաբաթ, կիրակի, նման մի բան, հնարավոր է՝ հաջորդ շաբաթվա սկզբին, ժամանակահատվածը սահմանափակ է, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նոր միջուկային զենք ստանան»,-ասել է նա:

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր հարվածը չեղարկել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ ղեկավարների խնդրանքով։

Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններում զգալի առաջընթաց են արձանագրել, և կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսմամբ։

«Մենք կարծում ենք, որ կարողացել ենք զգալի առաջընթաց գրանցել։ Մենք կարծում ենք, որ իրանցիները շահագրգռված են համաձայնության հասնելու հարցում»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Վենսը։

Վենսը հայտնել է, որ քիչ առաջ զրուցել է Թրամփի հետ, որը շեշտել է, որ ԱՄՆ գլխավոր նպատակը Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու կանխումն է։ Նրա խոսքով՝ եթե դա տեղի ունենա, ապա Պարսից ծոցի երկրներն էլ կձգտեն ունենալ միջուկային զենք, իսկ նրանց կհետևեն նաև մյուսները։

«Մենք ցանկանում ենք, որ միջուկային զենք ունեցող երկրների թիվը փոքր մնա, և հենց այդ պատճառով Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է ստանալ իրանական հարստացված ուրանը, Վենսը պատասխանել է․ «Այս պահին դա ԱՄՆ կառավարության ծրագրերում ներառված չէ։ Իրանական կողմը այդ հարցը չի բարձրացրել»։

Ավելի վաղ երեքշաբթի իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանի վերջին խաղաղության առաջարկը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում, Իրանի սահմաններին հարակից շրջաններից ամերիկյան զորքերի դուրսբերում, ինչպես նաև ամերիկա-իսրայելական պատերազմի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցում։

ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը նաև պահանջում է պատժամիջոցների վերացում, սառեցված միջոցների ապաշրջափակում և ԱՄՆ կողմից իրականացվող ծովային շրջափակման ավարտ։ Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Թեհրանի առաջարկած պայմանները գրեթե չեն տարբերվում Իրանի նախորդ առաջարկից, որը Թրամփը նախորդ շաբաթ մերժել էր՝ այն անվանելով «աղբ»։

Թրամփից ակնկալվում է համաձայնություն, որը թույլ կտա վերաբացել Հորմուզի նեղուցը՝ նավթի և հումքային այլ ապրանքների մատակարարման կարևորագույն ուղին աշխարհում։ ԱՄՆ նախագահը նախկինում ևս հույս է հայտնել, որ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունը մոտ է, սակայն միաժամանակ սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին, եթե բանակցությունները ձախողվեն։

Միևնույն ժամանակ Bloomberg-ը, հղում կատարելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչի վրա, հայտնել է, որ դաշինքում քննարկվում է նավերին աջակցելու հնարավորությունը Հորմուզի նեղուցով անցնելու հարցում, եթե ջրային ուղին մինչև հուլիսի սկիզբ չբացվի։

Bloomberg-ը նաև փոխանցել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դիվանագետի խոսքով՝ գաղափարը ստացել է դաշինքի մի շարք անդամների աջակցությունը, սակայն դեռևս չի արժանացել անհրաժեշտ միաձայն հավանությանը։

Երկու աղբյուրներն էլ լրատվամիջոցի հետ զրուցել են անանունության պայմանով։ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները կհավաքվեն Անկարայում հուլիսի 7-8-ին։

«Սկզբում որոշվում է քաղաքական կուրսը, և միայն դրանից հետո սկսվում է պաշտոնական պլանավորումը»,- հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հորմուզի նեղուցում նման գործողության հնարավորության մասին հարցին։

«Պայմանները, որոնց դեպքում ՆԱՏՕ-ն կդիտարկի Հորմուզի նեղուցում գործողություններ իրականացնելու հնարավորությունը, ի վերջո քաղաքական որոշում են»,- հավելել է նա։

Նման քայլը կարող է նշանակել ՆԱՏՕ-ի ռազմավարության փոփոխություն Իրանում ամերիկա-իսրայելական պատերազմի նկատմամբ։ Մինչ այժմ դաշինքի անդամները պնդել են, որ նեղուցում կմիջամտեն միայն ռազմական գործողությունների ավարտից հետո և լայն կոալիցիա ձևավորելու պայմանով, որը կներառի նաև ՆԱՏՕ-ից դուրս գտնվող երկրներ։

ՆԱՏՕ-ի որոշ երկրներ, օրինակ՝ Իսպանիան, բացահայտ հանդես են եկել պատերազմի դեմ։ Մադրիդը նույնիսկ արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր օդային տարածքն ու ռազմաբազաները Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։ Սակայն դաշինքի երկրների մեծ մասն իրենց բազաները տրամադրել են նյութատեխնիկական աջակցություն ապահովելու նպատակով։

Մինչդեռ ԱՄՆ Սենատը մայիսի 19-ին աջակցել է այն բանաձևի լիագումար քննարկմանը, որը նախագահ Դոնալդ Թրամփին կպարտավորեցնի կամ դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները, կամ ստանալ Կոնգրեսի պաշտոնական թույլտվությունը ուժ կիրառելու համար։ Փաստաթղթի ընդունման դեպքում Թրամփը պարտավոր կլինի Կոնգրեսի հետ համաձայնեցնել Իրանի դեմ ապագա ցանկացած ռազմական գործողություն։ Այդ մասին հայտնել է CNN-ը։

Նախորդ յոթ փորձերը ձախողվել էին։

Կոնգրեսի վերին պալատում ընթացակարգային քվեարկության ընթացքում բանաձևի հետագա առաջմղմանը կողմ է արտահայտվել 50 սենատոր, դեմ՝ 47-ը։ CNN-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը չեն մասնակցել երեք հանրապետական սենատորներ՝ իրենց նախընտրական արշավների պատճառով, ինչը քիչ հավանական է դարձրել բանաձևի ընդունումը Սենատի ամբողջ կազմով։

Ընթացակարգային քվեարկության նախաձեռնող դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի սկզբից գործող հրադադարի պայմաններում Թրամփը հնարավորություն է ստացել ներկայացնելու իր դիրքորոշումը Կոնգրեսին։

«Սա քննարկման իդեալական ժամանակն է, մինչև մենք կրկին պատերազմ սկսենք։ Նախագահը խաղաղության և դիվանագիտական առաջարկներ է ստանում, որոնք նա նետում է աղբարկղ՝ առանց մեզ հետ կիսվելու»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Քեյնը։

1973 թվականի Ռազմական լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է ռազմական գործողություններ վարել առանց Կոնգրեսի հաստատման միայն 60 օր։ Այդ ժամկետի ավարտից հետո նախագահը պարտավոր է կամ դադարեցնել պատերազմը, կամ Կոնգրեսից պաշտոնապես թույլտվություն խնդրել ռազմական ուժ կիրառելու համար։

2026 թվականի մայիսի 1-ին, երբ 60-օրյա ժամկետը լրացել է, Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանի հետ «պատերազմի ավարտի» մասին, սակայն Reuters-ը նշել է, որ գործնականում ԱՄՆ-ը շարունակել է արգելափակել իրանական նավահանգիստները և հարվածներ հասցնել իրանական նավերին։