AM
20 Մայիս 2026 - 11:40 AMT

Հայրապետյանը պատասխանեց զենքի արտահանման մասին ստելու մեղադրանքին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի քննադատությանը և պատասխանել զենքի արտահանման մասին հայտարարության շուրջ հնչած մեղադրանքներին, հայտնում է Sputnik Արմենիան:

Մայիսի 19-ին Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանից առաջին անգամ արտահանվել են միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենքեր։ Ավետիք Քերոբյանը հակադարձել էր՝ այդ հայտարարությունը որակելով սուտ և նշելով, որ դեռ 2015 թվականին տեղական ընկերություններից մեկը մի քանի միլիոն դոլարի բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա է արտահանել ՆԱՏՕ-ի անդամ երկիր։

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և պաշտպանության նախարարության բազաներում այս պահի դրությամբ տեղեկություն չկա, որ նախկինում նմանատիպ այլ գործարք է եղել։ Կարող եմ հայտնել այն տեղեկությունը, ինչին տիրապետում եմ` արտահանում եղել է, բայց այն եղել է կա՛մ քաղաքացիական, կա՛մ երկակի նշանակության արտադրանք, ինչպես նաև եղել է X ռազմական համակարգի բաղադրիչների արտահանում, պայմանականորեն՝ ՀՕՊ-ի բջիջների արտահանում»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Մխիթար Հայրապետյանը։

Նա հստակեցրել է, որ իր հայտարարությունը վերաբերել է վերջնական ռազմական արտադրանքի արտահանմանը, որը մշակվել և արտադրվել է Հայաստանում ու որպես պատրաստի զենք արտահանվել երկրից։

«Եթե չեն ցանկանում հրապարակային ասել, ապա առնվազն մեզ կարող են տեղեկացնել, թե 10 տարի առաջ Հայաստանում այդ ինչ զենքեր են արտադրվել իբրև վերջնական ռազմական արտադրանք և արտահանվել։ Եթե նման փաստեր չներկայացնեն, ապա կունենանք լեգիտիմ իրավունք ասելու, որ դրանք հերթական մերկապարանոց հայտարարություններն են»,- ասել է Հայրապետյանը։

Նախարարը կրկին պնդել է, որ Հայաստանից առաջին անգամ արտահանվել են միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենքեր, սակայն չի հրապարակել զինատեսակի քանակը, արժեքը, տեսակը և գնորդ երկիրը։

«Որպես կանոն՝ նմանատիպ գործարքների պարագայում կողմերի միջև պետք է կոնսենսուս լինի այդ տվյալները հրապարակելու վերաբերյալ։ Այս պահին այդ կոնսենսուսը չկա։ Մենք մեր հայտարարություններով որևէ պարագայում չենք կարող վտանգել ու հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար, որովհետև սա ընդամենը սկիզբն է մի երկար ճանապարհի։ Այս ոլորտում կարևոր է, որ Հայաստանը՝ որպես պետություն, և մասնավորը՝ որպես գործընկեր, լինեն վստահելի ու հուսալի։ Կան կանոններ, որոնք պետք է պահպանել, քանի որ դրանց պահպանումն է ապագա հնարավոր նոր գործարքների նախադրյալը»,- նշել է նա։

Հայրապետյանը հավելել է, որ ներկայում ավելի մեծ թվով ընկերություններ արդեն ստացել են ավելի շատ երկրներ արտադրանք արտահանելու թույլտվություն։