AM
20 Մայիս 2026 - 12:13 AMT

Ծառուկյանը` Փաշինյանի հայտարարության մասին․ «Խուճապի մեջ է, չի տիրապետում ներվերին»

Արարատի ցեմենտի գործարանը ձեռք է բերվել 25 տարի առաջ օրինական ճանապրհով, հարկերը վճարվել են, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ` արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ Լոռու մարզի Շնող համայնքում ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ «Արարատցեմենտ» գործարանը, դառնալու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև այնտեղ նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։

«Այսօր Ծառուկյանին վախեցնում են, թե գործարանը վերցնում ենք, տալիս ժողովրդին…քո ցավն էլ տանեմ. օրենքի առաջ բոլորն էլ հավասար են։ Եթե անօրինական պիտի խլես, դրա պատասխանը դու ես տալու ու պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Հասկացեք` նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին–խմբ.) արդեն խուճապի մեջ է, չի տիրապետում իր ներվերին»,– ասել է նա:

Նա հավելել է, որ 20 տարի առաջ գործարանը ձեռք է բերել ու հիմա քննադատական խոսք է ասում իշխանությունների հասցեին:

«Դա չի նշանակում, որ պետք է խառնվեն իրար ու ինչ–որ բաներ անեն։ Երբ իրականությունն եմ ասում, խառվել են իրա՞ր։ Մինչդեռ իշխանությունը ոչ մի լավ բան չի անում և իր արածների պատասխանը չի տալիս»,- հայտարարել է Ծառուկյանը։

Ըստ Ծառուկյանի՝ սա նշան է այն բանի, որ իշխանությունն արդեն զգացել է, որ իրենց վերջը մոտեցել է։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։