AM
20 Մայիս 2026 - 13:42 AMT

Զուրաբյան․ Քաղաքական մոտիվացիայով հարձակումը մասնավոր սեփականության դեմ վատ հետևանքների է բերելու

ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել էվարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «շատ շուտով Ծառուկյան-ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը կոտրվելու է՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին»։

«Եթե պետությունը կարող է այսպես զուտ քաղաքական մոտիվացիայով հարձակում գործել մասնավոր սեփականության ինստիտուտի դեմ, դա վատ հետևանքների է բերելու»,- ասել է նա՝ հավելելով, որ հետևանքները ծանր են լինելու ներդրումային առումով:

«Փաշինյանի Հայաստանում օրենքը, Սահմանադրությունը չեն հարգվում: Այն մարդիկ, որոնք սկսում են վտանգ ներկայացնել Փաշինյանի համար, ենթարկվում են հետապնդման։ Նույնը Գագիկ Ծառուկյանի պարագայում է։ Մինչև այս մարդը Նիկոլի հաշվարկով իրեն վտանգ չէր ներկայացնում, ամեն ինչ հանգիստ էր, հենց սկսեց վտանգ ներկայացնել, անցնում է հաշվեհարդարի»,-ասել է Զուրաբյանը:

Գլխավոր դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում:

Դատախազությունը մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: