AM
20 Մայիս 2026 - 14:44 AMT

Մի շարք ՀԿ-ներ Օսիպյանի հետապնդումը քաղաքականապես մոտիվացված են համարում

Մի շարք իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով դադարեցնել Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նրանք քաղաքականապես մոտիվացված և խոսքի ազատության իրավունքը սահմանափակող են համարում Օսիպյանի հետապնդումը:

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք 1Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը։ Առավել ևս անօրինական, անհամաչափ և դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործունեությունը սահմանափակելու և նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն։

Քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության, նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու և բռնության գործադրման հրապարակային կոչի համար։ Առաջադրված հանրային քրեական հետապնդումը անօրինական և անհիմն է, հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին։

Արթուր Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը և սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։

Այս համատեքստում վերստին արձանագրում ենք իրավապահ մարմինների՝ դատախազության և քննչական կոմիտեի՝ ընտրովի արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների։ Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերևույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր և սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու, պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀԿ-ները պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից՝ անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, գործունեության շրջանակում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա, բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումները, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով»։

Հայտարարությանը միացել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Հանուն հավասար իրավունքների», «Հանրային լրագրության ակումբ», «ՄեդիաՍտեփ», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, «Արդարադատության նոր մշակույթ» ՀԿ-ն, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ-ն։

Արթուր Օսիպյանը Արցախի հեղափոխական կուսակցության նախագահն է։ Նա մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարց ուղղել Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ էր արձագանքել՝ Օսիպյանին մեղադրելով «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Այնուհետև իրավիճակը սրվել էր, և Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։ Դրանից հետո Արթուր Օսիպյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։