AM
21 Մայիս 2026 - 06:26 AMT

Փաշինյան. ԱԱԾ-ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ հայրենիքի դավաճանության հոդվածով

ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե ԲՀԿ ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ դավաճանության հոդվածով քրգործ հարուցելու ակնկալիքով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Վանաձորում հանրահավաքի ժամանակ:

«Վաղը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,-հայտարարել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է Փաշինյանին՝ նշելով, որ «այս ապօրինությունն իր կոկորդին է կանգնելու»:

«Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող, և պետական դավաճանությամբ Արցախը և Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ: Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել։ Իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը»,- ասել է Թևանյանը։

Նա նշել է նաև, որ Փաշինյանն ամբիոնից ուղիղ եթերում փաստացի հրահանգներ և ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին, թե ում պետք է կալանավորել կամ ում դեմ պետք է գործ հարուցել։

2026-ի փետրվարին Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում։