AM
21 Մայիս 2026 - 06:33 AMT

Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանը կալանավորվել է

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը ձերբակալվել էր Արաբկիրում վարչպետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը:

«Դատավոր Շահվերդյանն Արթուր Օսիպյանին կալանավորեց 2 ամսով։ Ափսոս, դատական նիստը դռնփակ էր»,- գրել է Երիցյանը:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Օսիպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:

Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Օսիպյանն Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել Հայաստանի անվտանգության ու Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների վերաբերյալ՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի թեման։ Փաշինյանը կտրուկ է արձագանքել՝ Օսիպյանին մեղադրելով «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Այնուհետև իրավիճակը սրվել է, և Փաշինյանը կոշտ բառապաշարով Օսիպյանին հորդորել է հեռանալ։