AM
21 Մայիս 2026 - 10:05 AMT

Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել չիպեր նախագծող կենտրոնի հիմնարկեքը

Ինժեներական քաղաքում անցկացվել է «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Շինության հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանը և Էդուարդ Մուսայելյանը։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ինժեներական քաղաքում կբացվի չիպեր նախագծող ընկերության կենտրոնը»,-գրել է նախարարը:

Նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կստեղծվի 300-400 աշխատատեղ՝ նպաստելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, մասնագիտական ներուժի զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնմանը։

«Ինտտեգրալ Սոլյուշնսի» նոր տեխնոլոգիական կենտրոնում կտեղակայվի նաև ընկերության կողմից Siemens-ից ձեռք բերված գերհամակարգիչը՝ էմուլյատորը, որը կարևոր նշանակություն ունի կիսահաղորդչային ոլորտի զարգացման համար։ Այն հայկական ընկերություններին հնարավորություն կտա տեղում իրականացնել նախագծվող չիպերի թեստավորումն ու վավերացումը՝ մինչև արտադրական փուլ անցնելը։ Մինչ այժմ հայկական ընկերություններն այդ գործընթացն իրականացրել են արտերկրում՝ կրելով զգալի ժամանակային և ֆինանսական ծախսեր։

Կարևորագույն այս ենթակառուցվածքով Հայաստանը դառնում է ոչ միայն ծրագրային լուծումներ մշակող, այլև սեփական ապարատային տեխնոլոգիաների և չիպերի նախագծմամբ զբաղվող տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ ամրապնդելով երկրի տեխնոլոգիական մրցունակությունը և խթանելով արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների առաջընթացը։