Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները։
Իր դիմումում Վարդևանյանը հիշեցրել է Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից մի շարք հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» և նմանատիպ բառապաշարով արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել էր ընդդիմախոսներին, հայտնում է «Ազատությունը»:
Վարդևանյանի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արտահայտությունները պարունակել են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Վարդևանյանը թվարկել է այդ հոդվածները՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, հոգեկան ներգործություն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք։
Նա գլխավոր դատախազին ուղղված դիմումում ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով իր պաշտոնից բխող ազդեցությունը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը անձանց նկատմամբ՝ պայմանավորված նրանց ազգային ծագմամբ, քաղաքական և այլ հայացքներով։
Ավելի վաղ, Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ վարչապետի այս վարքագիծը չեն քննում, սակայն պատճառները չէին ներկայացրել։





