ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ևս 2 ամիս կմնա տնային կալանքի տակ։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է փաստաբանների միջնորդությունները: լ
Դատարանը միայն մեղմացրել է տնային կալանքի պայմանները որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ բացառությամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող մասնակիցների և վկաների, հայտնում է Sputnik Արմենիան:
Փաստաբան Էմին Խաչատրյանը միջնորդել էր, որպեսզի Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվի վարչական հսկողությամբ, որը կուղեկցվի նաև գրավի չափի 5 միլիոն դրամով ավելացմամբ՝ 20 միլիոնը դարձնելով 25 միլիոն դրամ։
Էմին Խաչատրյանը դատարանին հիշեցրել է, որ Արթուր Սարգսյանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է, և նրան կալանքի տակ պահելով խախտվում է թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու օրենքի պահանջը։
Մեղադրող կողմն իր դիրքորոշումը հայտնելիս ասել է, որ դեմ է խափանման միջոցի փոփոխությանը, ավելին՝ պահանջել է տնային կալանքը երկարաձգել 3 ամսով։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը թեև ընդունել է, որ գործի քննությանը միջամտելու ռիսկերը նվազել են, միևնույն է, գտել է, որ այդպիսի ռիսկեր դեռևս առկա են։
«Շարունակվում են առկա մնալ վարույթին խոչընդոտելու, ինչպես նաև նրա վրա դրված դատավարական պարտականությունները չկատարելու ռիսկերը։ Ճիշտ է՝ նախնական դատալսումներն ավարտվել են ու գործը տեղափոխվել է հիմնական դատալսումների փուլ, սակայն ապացույցների հետազոտում դեռևս չի անցկացվել»,– ասել է Հայկ Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ընտրական քարոզարշավին մասնակցելուն՝ հանրային մեղադրողը նշել է, թե թեկնածուն կարող է ընտրական գործընթացներին մասնակցել վստահված անձանց միջոցով։
Փաստաբան Էմին Խաչատրյանը հակադարձել է հանրային մեղադրողին՝ հայտարարելով, որ կասկածից վեր է՝ իր պաշտպանյալը չի կարող միայն վստահված անձանց միջոցով լիարժեք մասնակցել ընտրապայքարին։
«Ո՞նց եք պատկերացնում Արթուր Սարգսյանի կողմից իր իրավունքների իրացումն այս պայմաններում։ Նա պատգամավորի թեկնածու է, պետք է հնարավորություն ունենա հասարակության հետ շփվելու։ Եթե այսօր այն չփոխարինվի ավելի մեղմ խափանման միջոցով, ապա դա ուղիղ միջամտություն կլինի ընտրական պրոցեսին ու գործընթացին, քանի որ նա իր ընտրազանգվածի հետ շփվելով` կարող է ընդհանուր քվեարկության արդյունքների վրա ազդեցություն ունենալ։ Արթուր Սարգսյանն արդեն ապացուցել է, որ երբեք իր վրա դրված պարտականությունները չի խախտել»,– ասել է Խաչատրյանը։
Արթուր Սարգսյանը մինչև դատարանի որոշման հրապարակումն իր խոսքում կանխատեսել էր, որ դատարանը իր խափանման միջոցը չի փոխելու։
«Այս դատարանում արդարադատություն չկա, այս դատարանում որոշումները կայացվում են կառավարության շենքից։ Տնային կալանքի նիստով հաստատեցին, որ այս 10 ամսվա գործընթացը զուտ քաղաքական հետապնդում է։ Վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի տակ. եթե հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթի, ապա ազատ կարձակվենք, չհաղթի՝ կդատվենք։ Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 7-ին (խորհրդարանական ընտրությունների օրն է — խմբ.) եթե այս չարիքի իշխանությունը հաղթի, ապա Սյունիքը կորցնելու ենք»,– հայտարարել է Արթուր Սարգսյանը։
Արթուր Սարգսյանը կալանավորված է 2025-ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք, որը դեկտեմբերի 4-ի որոշմամբ երկարաձգվել էր մինչև 2026-ի մարտի 8-ը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։





