Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով:
Նշվում է, որ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, լինելով 2021 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելուց հետո «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում իրականացրել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի եղանակով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար դոլարի դիմաց փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդպիսով կատարելով պետական դավաճանություն՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ։
ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 20-ին Վանաձորում հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ակնկալիքով։ Անդրանիկ Թևանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է։
Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Սակայն 2023 թվականի օգոստոսի 17-ին նա վայր է դրել պատգամավորական մանդատը։





