«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով ՔԿ այն մեղադրանքներին, որ ԱԺ փակ նիստից գաղտնի տեղեկություններ է հայտնել այլ երկրի, ֆեյսբուքյան եթերում ասել է, որ 2024-ին արդեն պատգամավոր չի եղել և չէր կարող մասնակցել փակ նիստի, «հետևաբար մնացած թեմաներն անհեթեթություն են»:
«Այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև, այո, ես 2021 թվականին ընտրվել եմ պատգամավոր, բայց 2023 թվականին վայր եմ դրել ԱԺ մանդատս և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին՝ արդեն ոչ որպես պատգամավոր։ Իսկ ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ 2024-ի ԱԺ փակ գաղտնի լսումների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ եմ հայտնել։ Այսինքն՝ ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 2024թ. լսումներին, հետևաբար մնացած թեմաները, ինչ որ գումարային և այլն, անհեթեթություն են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի պրոցեսի մեջ, որտեղ ինքն է ամենաբարձրը գոռալու՝ բռնեք պետական դավաճանին։ Իսկ ՔԿ-ին խորհուրդ կտամ՝ գործը կարելուց այնպես արեք, որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք»,-ասել է Թևանյանը։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն ֆեյսբուքյան էջում արձագանքել է Անդրանիկ Թևանյանի հայտարարությանը՝ նշելով, որ իրենք էլ գիտեն, որ վերջինս 2023-ին վայր է դրել մանդատը:
«Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք «ապօրինի» բառը: Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,-ասվում է գրառման մեջ:
Մայիսի 20-ին Վանաձորում հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ակնկալիքով։ Անդրանիկ Թևանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է։
Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Սակայն 2023 թվականի օգոստոսի 17-ին նա վայր է դրել պատգամավորական մանդատը։





