AM
22 Մայիս 2026 - 06:48 AMT

Փաշինյան․ ԵԱՏՄ–ում կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն ՀՀ-ն

ԵԱՏՄ–ում կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում: Նա հավելել է, որ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն՝ միայն անդամ պետությունը կարող է քննարկել կառույցում իր կարգավիճակի հարցը, հայտնում է Sputnik Արմենիան:

«ԵԱՏՄ կարգավորումներ կան, որով կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն` անդամ երկիրը, այլ պրոցեդուրա չկա։ Ցանկացած հարց գործընկերների մոտ կարող է ծագել, մենք էլ համբերատար կպատասխանենք»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ մայիսի 21-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանը նման հայտ և ցանկություն չի ներկայացրել։

Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 18-ին հայտնել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի թեման քննարկվելու է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ ավելի ճիշտ կլինի, եթե Հայաստանում հնարավորինս արագ կողմնորոշվեն եվրասիական և եվրոպական միությունների միջև ընտրության հարցում, քանի որ դա ավելի ազնիվ կլինի նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերների նկատմամբ։