AM
22 Մայիս 2026 - 07:11 AMT

Խուզարկություն՝ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանը:

«Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ»,-գրել է նա:

Ավելի ուշ Մանուկյանն ասել է, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրներն ավելի քան երկու ժամ շարունակ սպասել են իրենց գրասենյակի մոտ՝ քննչական գործողությունների ավարտին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մեզ թույլ չեն տալիս մտնել գրասենյակ։ Ուղիղ ժամը 07։00–ին ԱԱԾ–ն մտավ կուսակցության գրասենյակ։ Թե քննչական գործողություններին ինչ կհետևի, արդյոք Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալվելու է Անդրանիկ Թևանյանը, դեռևս պարզ չէ։ Սկզբում բավականին կոպիտ ձևով` իմ ձեռքերը քաշքշելով, բռնի ուժ գործադրելով ԱԱԾ–ն թույլ չէր տալիս, որ ես նկարահանում իրականացնեմ։ Ես պահանջում էի ներկայացնել ծանուցագիր։ Միայն մեր փաստաբանի գալուց և ծանուցագիր ներկայացնելուց հետո ես դադարեցրի նկարահանումը»,– պատմել է Մանուկյանը։

Նա հավելել է, որ անգամ անձնական՝ ընտանիքին վերաբերող փաստաթղթեր չեն թույլատրել դուրս հանել գրասենյակից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու նպատակով։ Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Ինքը՝ Թևանյանը, հերքել է իրեն վերագրվող մեղադրանքը՝ նշելով, որ 2024 թվականին արդեն պատգամավոր չի եղել, քանի որ 2023 թվականին վայր է դրել մանդատը։