AM
22 Մայիս 2026 - 07:27 AMT

Մանուկյան․ Սատանաներ որսացող հնազանդ ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի գործողություններին՝ դրանք որակելով «քաղաքական պատվերի արդյունք»։

«Լավ, այսքա՞ն ատել Պետությունը, պետական համակարգը, պետական, անվտանգային կառույցների հեղինակությունը, վարկը, սպայի ուսադիրի պատիվը, որ ցնորական քաղաքական պատվեր տաս ԱԱԾ-ին ու շարադրություն ստանաս։

Լավ, այսքան ծառայամիտ լինես, թքես ուսադիրիդ (անգամ անարժանբստացած ու շատ թարմ), գերատեսչությանդ, ենթակա սպաներիդ հեղինակության վրա ու շեֆ Նիկոլիդ ցուցումը դարձնես հանձնարարական կամ հրաման։

Ավելին, որքան անպատիվ լինես, որ ուսադիրիդ, սպայիդ կոչման հեղինակությունը ոտնատակ տաս ու էշություն գրես, իբրեւ օպերատիվ տեղեկություն ու դա դարձնես զեկուցագիր…

Սատանաներ որսացող հնազանդ ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր։

Էն տակի քննչականին չեմ էլ անդրադառնում, նրանք վաղուց հատակում են։

Սա գրում եմ, իբրև ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ»,-ասվում է գրառման մեջ:

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով:

Մայիսի 20-ին Վանաձորում հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ակնկալիքով։ Անդրանիկ Թևանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է։

Թևանյանը, անդրադառնալով ՔԿ այն մեղադրանքներին, որ ԱԺ փակ նիստից գաղտնի տեղեկություններ է հայտնել այլ երկրի, ֆեյսբուքյան եթերում ասել է, որ 2024-ին արդեն պատգամավոր չի եղել և չէր կարող մասնակցել փակ նիստի, «հետևաբար մնացած թեմաներն անհեթեթություն են»: