AM
22 Մայիս 2026 - 07:43 AMT

ԱՄՆ հավատարմատար․ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիք ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին, ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, հայտնում է Արմենպրեսը:

«Կամավորների տեղակայումը, թերևս, ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն նախորդ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից և շրջանակային համաձայնագրի ձևավորումից հետո նպաստավոր պայմաններ եղան, որպեսզի մենք վստահաբար կարողանանք Սյունիքի մարզում տեղակայել մեր կամավորներին»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք TRIPP նախագծին առնչվող նոր զարգացումներ, Ալենը նշել է, որ ամերիկյան կողմը և Հայաստանի կառավարությունը տեղեկացրել են, որ նախորդ շաբաթ բանակցություններ են ընթացել TRIPP-ին վերաբերող համաձայնագրերի շուրջ։

«Այս պահին դեռևս նոր հայտարարություն չկա դրա վերաբերյալ անելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքները, առաջընթացը շարունակվում են»,-ասել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։