Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիմակավոր անձանց տեսանյութին, որում իր հասցեին սպանության սպառնալիքներ էին հնչեցրել` նշելով, որ այդ անձինք 2024 թվականից Հայաստանում չեն:
«Դիմակավորների տեսանյութի հետ կապված՝ ես կարծում եմ՝ մենք անձանց շրջանակը մոտավոր պարզաբանել ենք, ըստ էության՝ այն անձինք, որոնք մենք կարծում ենք՝ այդ տեսանյութում են, 2024թ․-ից Հայաստանում չեն»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Վարչապետ հավելել է, որ դա օպերատիվ տեղեկություն է, «ապացույց չունենք»։
«Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով նրանք մեր հետաքրքրության տիրույթում են եղել, մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՔԿ-ն հայտնել է, որ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ, որի առնչությամբ քրվարույթ է հարուցվել մի խումբ անձանց դեմ:





