Դատախազը մայիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միջնորդություն՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով, հայտնում է 1lurer.am-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չի ստացել, տեղեկացնում է Factor.am-ը:
Պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ ԿԸՀ-ի համաձայնությունը չի պահանջվում, եթե թեկնածուն բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ։
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Թևանյանը 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, սակայն 2023 թվականի օգոստոսի 17-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։





