AM
22 Մայիս 2026 - 09:39 AMT

ԲՀԿ․ Նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի դեմ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի և պատգամավորության թեկնածուների դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում, հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուներ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի բնակարաններում ու աշխատավայրերում իրականացվող խուզարկություններին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Տոնոյանը հրավիրել է նաև միջազգային կառույցների, ՀՀ-ում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս «հակաօրինական գործընթացների վրա»։

«Եթե դուք չեք տեսնում, կամ չտեսնելու եք տալիս այս խայտառակ իրողությունները, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում»,-նշել է նա:

Տոնոյանը նշել է, որ Գյումրիում տեղի ունեցած բազմամարդ և հզոր հանդիպումներից հետո իշխանությունները «հայտնվել են քաղաքական ցնցումների մեջ»։

«Դրա լավագույն ապացույցը հենց Նիկոլ Փաշինյանի վարքագիծն է՝ վաղ առավոտյան դեռ քնաթաթախ վիճակում մամուլի ասուլիսներ տալու և անհանգիստ հայտարարություններով հանդես գալու տեսքով։ Փաշինյանի բացառապես անհիմն մեղադրանքներով ու անձնական բնույթի վիրավորանքներով անհավասարակշիռ պահվածքը խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը խուճապի մեջ է։ Ակնհայտ է, որ իշխող ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միակն է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի ծրագրային բովանդակությամբ հանդես չի գալիս, այլ առաջնորդվում է փողոցային բառապաշարով քաղաքական ընդիմախոսների հասցեին ցեխ շպրտելու գործելաոճով»,-ասվում է հայտարարության մեջ:

Տոնոյանը հիշեցրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի երկար տարիների քաղաքական ճանապարհ, իսկ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել պետության, հայրենիքի և ժողովրդի շահերի պաշտպանությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության հուշագրեր ունի արտերկրի մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության, ինչպես նաև Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ շուրջ երեք տասնյակ եվրոպացի պատգամավորների բերեց Հայաստան և Արցախ՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախը գոյություն ունի, որ այնտեղ ապրում են մարդիկ, և որ այն պարզապես «պատերազմի գոտի» չէ։ Տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը մշտապես ծառայել է մեկ նպատակի՝ միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հայկական շահի պաշտպանությանը։

Մենք միանշանակ ենք մեր դիրքորոշման մեջ․ որևէ բռնաճնշում, որևէ հալածանք և որևէ քաղաքական հետապնդում չի կարող ազդել մեր քաղաքական ուղեգծի վրա։ Մենք միշտ պաշտպանել ենք և շարունակելու ենք պաշտպանել հայկական շահը և Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Թևանյանն արձագանքել է Փաշինյանին՝ նշելով, որ «այս ապօրինությունն իր կոկորդին է կանգնելու»:

Թևանյանը, անդրադառնալով ՔԿ այն մեղադրանքներին, որ ԱԺ փակ նիստից գաղտնի տեղեկություններ է հայտնել այլ երկրի, ֆեյսբուքյան եթերում ասել է, որ 2024-ին արդեն պատգամավոր չի եղել և չէր կարող մասնակցել փակ նիստի, «հետևաբար մնացած թեմաներն անհեթեթություն են»: