Վվարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե գործող իշխանությունը պարտավորություններ է ստանձնել Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ։
Լրագրողի դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ պարտավորություն է ստանձնել, և եթե չկա նման բան, թող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասի՝ սուտ է,վարչապետն արձագանքել է՝ սուտ է, հայտնում է 1lurer.am-ը:
Այն հարցին, թե արդյոք երաշխավորում է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու, Փաշինյանը դրական է պատասխանել:
«Տալիս եմ երաշխիքներ, այո՛։ Երաշխավորում եմ, և դա կապված է այն բանի հետ, որ ասում եմ՝ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու և այլն և այդպես շարունակ։ Այո՛, երաշխավորում եմ, դա անհեթեթ թեմա է, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ, և դա այնքան ակնհայտ է։ Կրկին՝ սուտ է, և, այո՛, երաշխավորում եմ»,-ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանը ևս անդրադարձել էր 300մ000 ադրբեջանցիների վերադարձի թեմային՝ պնդելով, թե դա ընդդիմության հորինած օրակարգն է։ Նա հավելել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում, ընդհանրապես Հայաստանի օրակարգում նման թեմա չի եղել։





