AM
22 Մայիս 2026 - 10:19 AMT

«Հայաքվեն» ԿԸՀ–ից պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի գրանցումը որպես թեկնածու

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը ԿԸՀ-ից պահանջել է պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու։

«Արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրությունների ազատության և արդարության խախտման առավել աղաղակող դեպքերից է և բացահայտ հարցականի տակ է դնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների կարողությունը:

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Միավորումը իրավապահ մարմիններին, դատարաններին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է արել չենթարկվել գործող վարչախմբի, իրենց գնահատմամբ, «ակնհայտ ապօրինի և հակապետական ճնշումներին ու արդարադատությունն իրականացնել՝ խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները»։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։