Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» քաղաքական նախաձեռնությունը նոր ակցիա է իրականցրել՝ բոչկա է գլորել Երևանի կենտրոնում, հայտնում է Panorama.am-ը:
«Մեր պայքարի տրամաբանական հաջորդ հանգրվանը բոչկա գլորելն է։ Էլ ինչ ներքաղաքական ու նախընտրական պայքար առանց բոչկա գլորելու»,-ասել են մասնակիցները:
Ակցիան ընթացել է Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ֊ Հանրապետության Հրապարակ երթուղով։
«Մենք բոչկա ենք գլորում բոլոր քաղաքական ուժերի վրա։ Մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ և նրանք բոլորը նույնքան լավ են բոչկա գլորում, որքան գործող ու հավակնող վարչապետերը»,-նշել են նախաձեռնության անդամները։
Նրանք նաև կոչ են արել ընտրել իրենց՝ վստահեցնելով, որ այդ դեպքում սպասվում են հետաքրքիր փոփոխություններ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել, ցուցակից ևս 12 թեկնածու դուրս կգա: Կուսակցությունը հայտարարել է, որ հաջողության դեպքում կձևավորի կարճաժամկետ կառավարություն կամ կհրաժարվի մանդատներից:





