«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մինչև ձերբակալությունն իրեն առաջարկվել է գործարք, սակայն ինքը հրաժարվել է դրանից։ Այդ մասին նա ասել է ասուլիսի ընթացքում։
«․․․Մինչև ձերբակալելը, որ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ, սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե՛ ՀԷՑ–ը, թե՛ ամեն ինչը հետ է վերադարձվում։ Ես չեմ ընդունել առաջարկությունը, և գնացել ենք առաջ»,- ասել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ Կարապետյանը նշել էր նաև, որ կալանքի հինգերորդ օրը Մոսկվայի իր ընկերների միջոցով ևս առաջարկ է ստացել։ Նրա խոսքով՝ իրեն առաջարկվել է հայտարարել, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, և այդ դեպքում խոստացվել է, որ իրավիճակը կհանգուցալուծվի։
Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է պայքարի տարբեր ձևերի, հայտնում է Panorama.am-ը:
168.am-ի խմբագիր Սայթիկ Սեյրանյանի հարցին, թե արդյոք ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի՝ հաշվի առնելով ԲՀԿ ներկայացուցիչների տներում և գրասենյակներում իրականացվող խուզարկություններն ու քննչական գործողությունները, Կարապետյանը պատասխանել է, որ իշխանությունները մարզային այցելությունների ընթացքում հասկացել են՝ կորցրել են ժողովրդի աջակցությունը, և այժմ հույսը դրել են ճնշումների ու ռեպրեսիաների վրա։
«Բայց դա իրենց բացարաձակ չի օգնելու, երբ մարդուն ձերաբակալում են, փոխարենը հազար մարդ է ավելանում, դա խնդիր չէ»,-ասել է Կարապետյանը։
2025-ի հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ հայտարարել էր, որ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի։ Հունիսի 24-ին Փաշինյանը հայտնել էր, որ ՀԷՑ-ի պետականացման ծրագիրն արդեն պատրաստ է։ Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ ՀԾԿՀ-ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։





