Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրեն չի պատկերացնում ընդդիմադիր առաջնորդի կարգավիճակում։
«Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Մենք չենք քննարկում «եթե»-ներ, մենք քննարկում ենք՝ երբ, այդ երբը լինելու է հունիսի 7-ին»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Նա նաև շեշտել է, որ կարող է ընդամենը իր գրպանը փակել և նորից դառնալ շատ հարուստ մարդ։
«Ինձ ոչ մի բան պետք չէ։ Իշխանության կարիք էլ ես չունեմ։ Ուզում եմ հնարավորություն ստանալ՝ օգնելու մեր ժողովրդին։ Միգուցե սա գլուխգովանություն է, բիզնեսմեններն այդպիսի հատկություն ունեն, բայց զգում եմ, որ միայն մենք կարող ենք այս հարցը լուծել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ մյուս ուժերն էլ են այդպես կարծում, բայց ինքը կշռադատում է։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





