ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները «դուրս են բարոյականության բոլոր սահմաններից», հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
«Փաշինյանը մարդկանց ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Ո՞նց կարող է մարդը, որը վարչապետ է, որի կոչով զինվորները գնացել են պատերազմ, որի կոչով մարդիկ նաև արիաբար զոհվել են, այդ նույն պատերազմով անցած տղաներին հարցնի՝ ինչո՞ւ չեք զոհվել։ Սա գնահատում եմ որպես սեփական մեղքը մեր զինվորների վրա դնելու ակնհայտ քայլ։ Անհասկանալի է ու բարոյական որևէ սահմանի մեջ չի տեղավորվում. ինչպե՞ս կարող է Հայաստանի վարչապետն ասել՝ հիմնավորե՛ք, թե ինչու չեք զոհվել»,– ասել է Թաթոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա անդրադաձել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պահվածքին և քաղաքացիների հետ հաղորդակցվելու ոճին` հիշեցնելով բանակում տեղի ունեցած ողբերգություններից մեկը` Ազատի զորամասի հրդեհը, որի իրական պատասխանատուն, ըստ նրա, հենց գերատեսչության ղեկավարությունն է։
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքը տեսե՛ք, որ «արա»-ով է խոսում քաղաքացիների հետ ու ասում՝ հիմնավորե՛ք, թե ինչու չեք զոհվել։ Դո՛ւ հիմնավորիր, թե ինչու չես զոհվել։ Կարո՞ղ ես հիմնավորել Ազատի զորամասի կացարանում հրդեհի հետևանքով մահացած մեր 15 զինվորի դեպքը՝ ինչո՞ւ նրանք մահացան։ Մահացան վարչապետի նշանակած նախարարի ու նրանց ընտրած հրամանատարների բացթողումների պատճառով։ Նախարարի գործունեությունն այն է, որ այնպիսի քաղաքականություն վարի, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե նրա համար, որ հետո հարցնի՝ ինչո՞ւ չես զոհվել»,– եզրափակել է Թաթոյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





