AM
22 Մայիս 2026 - 12:34 AMT

Օսիպյանը հացադուլավորների խցում չէ․ ՔԿԾ-ից ասել են, որ դիմում չեն ստացել

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը, փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ, դեռևս գտնվում է ձերբակալվածների պահման վայրում և դատարանում հայտարարել էր հացադուլի մասին, ներկայում հացադուլավորների համար նախատեսված խցում չէ։ Այդ մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

«Արթուր Օսիպյանը քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, ըստ ընթացակարգի հացադուլ հայտարարելու մասին դիմում չի գրել, հետևաբար՝ նա հացադուլավորների համար նախատեսված խցում չէ»,- մանրամասնել է ՔԿԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Ռոման Երիցյանը կրկին պնդել է, որ Օսիպյանը թե՛ ՁՊՎ-ում, թե՛ դատարանում հայտարարել է հացադուլի մասին և մտադրություն չի ունեցել այն դադարեցնելու։ Միաժամանակ փաստաբանը նշել է, որ դեռ տեղեկություն չունի, թե ինչու դիմում չի ներկայացվել։

«Գուցե, ընթացակարգին ծանոթ չէ»,-ասել է նա:

Փաստաբանի փոխանցմամբ, Օսիպյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իրեն առաջադրված մեղադրանքի՝ այն որակելով քաղաքական հետապնդում։

Ավելի վաղ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղել Հայաստանի անվտանգության ու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների վերաբերյալ՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ էր արձագանքել՝ Օսիպյանին մեղադրելով «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Այնուհետև իրավիճակը սրվել էր, և Փաշինյանը կոշտ բառապաշարով պահանջել էր, որ Օսիպյանը հեռանա։

Դրանից ժամեր անց Օսիպյանը ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր երկամսյա կալանքը։ Քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելուց հետո մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջել են դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։