Ծայրահեղ բևեռացված միջավայրի պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվում, առցանց հարձակումների են ենթարկվում ու պիտակավորվում են բոլոր այն դեպքերում, երբ արտահայտում են որևէ տեսակետ, որը հաճո չէ այս կամ այն քաղաքական ուժին կամ հանրային դերակատարին, ինչը փաստացի վերածվել է ոչ ֆորմալ «գրաքննության» մի մեթոդի, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա հավելել է, որ դա անընդունելի է:
«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նման երևույթները և ընդգծում, որ անկախ, ազատ և սկզբունքային քաղաքացիական հասարակության առկայությունը իրավական պետության և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտ նախապայման է։
«Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության, և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում»,– գրել է Մանասյանը։
Պաշտպանի խոսքով՝ Հայաստանում գործող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կարևոր դեր ունեն խոցելի խմբերի պաշտպանության և հանրային վերահսկողության ապահովման գործում, ինչը պետության կարևոր ձեռքբերումներից է։ Սակայն, ըստ նրա, միայն գործունեության իրավական ազատությունը բավարար չէ, և պետությունը պարտավոր է ապահովել նաև նրանց ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունը։
«Այսօրվա ծայրահեղ բևեռացված միջավայրի պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվում, առցանց հարձակումների են ենթարկվում ու պիտակավորվում են բոլոր այն դեպքերում, երբ արտահայտում են որևէ տեսակետ, որը հաճո չէ այս կամ այն քաղաքական ուժին կամ հանրային դերակատարին: Ներկայիս ազատ արտահայտման դաշտի ակնհայտ ընդլայնման հետ մեկտեղ սա փաստացի վերածվել է ոչ ֆորմալ «գրաքննության» մի մեթոդի»,– նշել է օմբուդսմանը։
Անահիտ Մանասյանը բոլոր քաղաքական և հանրային դերակատարներին կոչ է արել անհապաղ դադարեցնել նման հարձակումներն ու նպաստել իրավիճակի հաղթահարմանը։
Միաժամանակ նա նշել է, որ պետությունն է կրում առաջնային պատասխանատվությունը՝ իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար անվտանգ և նպաստավոր աշխատանքային միջավայր ապահովելու հարցում։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





