AM
22 Մայիս 2026 - 14:00 AMT

Սոցհարցում․ Եթե ընտրությունները լինեին կիրակի, ԱԺ կանցներ 5 ուժ

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ասուլիսի ընթացքում ներկայացրել է վերջին հեռախոսային սոցհարցման արդյունքները, որն անցկացվել է մայիսի 19-21-ը և որին մասնակցել է 1102 մարդ։

Այն հարցին, թե եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն, ստացվել է հետևյալ պատկերը․ 28․8 տոկոսը նախապատվությունը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 14.9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, 12.1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 8.7 տոկոսը՝ ԲՀԿ-ին, իսկ 5.8 տոկոսը՝ «Միասնության թևեր» կուսակցությանը, հայտնում է Panorama.am-ը:

Հարցվածների 59.3 տոկոսը նշել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին, եթե քվեարկությունը կայանա մոտակա կիրակի։ Համեմատության համար Նավասարդյանը նշել է, որ ապրիլի սկզբին մասնակցության ցուցանիշը կազմել էր 51.9 տոկոս, իսկ ապրիլի վերջին՝ 57.5 տոկոս։

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստանի»-ի օգտին՝ 2․9 տոկոսը, «Հայաստանի շնորհապետական կուսակցության» օգտին՝ 2․8 տոկոսը, «Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության» օգտին՝ 2․7 տոկոսը, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության օգտին՝ 1․9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 1․3 տոկոսը, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության» օգտին՝ 0․5 տոկոսը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության օգտին՝ 0․4 տոկոսը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության օգտին՝ 0․3 տոկոսը, «Քրիստոնյա ժողովրդավարական» կուսակցության օգտին՝ 0․2 տոկոսը, «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության օգտին՝ 0․2 տոկոսը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության օգտին՝ 0․1 տոկոսը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության օգտին՝ 0․1 տոկոսը, իսկ «Ռեֆորմիստների կուսակցության» օգտին՝ 0․1 տոկոսը։

Հարցվածների 0․9 տոկոսը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, 8․6 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 3․4 տոկոսը դժվարացել է կողմնորոշվել։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։